Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության
16-օրյակ» ծրագրի շրջանակում, նոյեմբերի 25-ին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր
թատրոնում» ներկա է գտնվել «Մարի» ներկայացմանը։
Հովհաննես
Թումանյանի «Մարո» ստեղծագործության մոտիվներով բեմադրված «Մարի» ներկայացումը պատմում
է Հայաստանում գենդերային բռնության իրական դեպքերի մասին՝ բացահայտելով այն համակարգային
խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Այն անդրադառնում
է ընտանեկան, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությունների, վաղ ամուսնությունների,
դրանց արձագանքմանն առնչվող և կանանց աշխատանքային իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների:
Մարդու
իրավունքների պաշտպանը ներկայացման ավարտին հանդես է եկել խոսքով և ընդգծել հանդուրժող,
համերաշխ և ապրումակցող միջավայր ունենալու կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության
արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից:
«Ներկայացումն
ամբողջությամբ նկարագրում էր բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ևս արդիական են։ Այդ
առումով լրացուցիչ խոսք ասելու կարիք չեմ տեսնում: Այն ամենն, ինչը նկարագրվում է ներկայացման
շրջանակներում, ցավոք, իրականություն է, և դրա դեմ պետք է պայքարել: Չափազանց կարևոր
է, նաև, որպեսզի բռնության զոհ դարձած յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը մենակ չէ, և
այդ առումով մենք մեծ անելիք ունենք»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Միջոցառումն
իրականացվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» և «Իրավունքի կենտրոն»
ՀԿ-ների համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության
աջակցությամբ։