Տավուշի
մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու
դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝
բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների
իրավունքների պաշտպանության ոլորտում:
Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի,
այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն
ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական
այլ հաստատություններում և դրանցից դուրս։
Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական
և օբյեկտիվ քննություն։
Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների,
հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված
և անհապաղ գործողությունների իրականացումը։
Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը,
այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական
և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում
բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:
Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում
բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների
բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Այս իմաստով անհրաժեշտ
է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման
և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ
և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական
ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ
բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող
աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն
ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների
կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման
համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի
թիրախավորումը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը
զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին
կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով
երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։
Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝
շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ
ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։