Երևանում
շարունակվում է բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Արդյունավետ պաշտպանություն
և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում
և զինված ուժերից դուրս» խորագրով։
Համաժողովի ընթացքում «Կանայք և գլոբալ անվտանգության
ճարտարապետություն» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արմինե Մարգարյանը ներկայացրել է
«Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»
ծրագրի ներառումը Հայաստանի պաշտպանական և անվտանգության բարեփոխումներում. վերահսկողություն,
հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն» վերտառությամբ զեկույցը։
Այնուհետև կայացել են թեմատիկ պանելային քննարկումներ։
Առաջին պանելի ընթացքում անդրադարձ է կատարվել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»
ծրագրի օրակարգի իրականացման վերաբերյալ Հայաստանի ռազմավարական ծրագրին, արձանագրված
առաջընթացին և առաջիկա քննարկման հիմնական կետերին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի
գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների
և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ՀՀ պաշտպանության նախարարության
Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Հրայր Հովակիմյանը,
ՀՀ պաշտպանության նախարարության կանանց գումարտակի հրամանատար, մայոր Արմինե Գրիգորյանը
և «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության նախագահ Գյուլնարա Շահինյանը։
Պանելային քննարկումը մոդերացրել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Ուժեղացնելով Արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի հայաստանյան համակարգող
Քնարիկ Մկրտչյանը։
Երկրորդ պանելի ընթացքում քննարկվել է միջազգային
լավագույն փորձի կիրառումը Հայաստանում՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագրի
առաջխաղացման և հատկապես զինված ուժերում կանանց նշանակալի մասնակցության խթանման նպատակով։
Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Միացյալ Թագավորության
պաշտպանության նախարարության փոխգնդապետ Ֆիոնա (Ջիլ) Ռոջերսը, Շվեդիայի զինված ուժերի
պաշտպանության նախարարի գենդերային հարցերով ավագ խորհրդական Շառլոտ Իսակսոնը, Վրաստանի
պաշտպանության նախարարության Պաշտպանական ռեսուրսների կառավարման և ծրագրերի բաժնի
պետ, գնդապետ Եկատերինե Խարաշվիլին, ինչպես նաև «Սուխումի» կանանց հիմնադրամի ներկայացուցիչ
Եկատերինե Գամախարիան: Քննարկումն անցկացվել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»
ծրագրի Հարավային Կովկասի ավագ խորհրդատու Կարին Ֆուեգի մոդերացիայով։
Համաժողովը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի,
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք»
(UN Women) կառույցի համագործակցությամբ։