Երևանում
շարունակվում է բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Արդյունավետ պաշտպանություն
և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում
և զինված ուժերից դուրս» խորագրով։
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Վրաստանում
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար (Հայաստանում հավատարմագրված) Ալեքսանդր Վիննիկովը,
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՄԱԿ Կանայք»
կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ Կաորի Իշիկավան։
Միջազգային համաժողովի ընթացքում հիմնական ելույթ
է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիմնական պանելային քննարկման բանախոսներն էին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ
Իռեն Ֆելինին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Քննարկումը վարել է
Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի քաղաքական և հանրային դիվանագիտության թիմի ղեկավար Գվանցա
Լոլաձեն։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել
է ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքներին՝ շեշտադրելով
կանանց զինվորական ծառայության վերաբերյալ կարծրատիպային մոտեցումների պահպանվող դրսևորումները.
«Խոսելով կարծրատիպերի առանձնահատկությունների մասին՝ հարկ եմ համարում նշել տարածված
այն սխալ ընկալումը, ըստ որի զինված ուժերն ու անվտանգության համակարգերն իբր կանանց
համար չեն։ Այս կարծրատիպը, ցավոք, շարունակում է պահպանվել նաև մեր հասարակությունում։
Կարծրատիպերը հաճախ հիմք են հանդիսանում նաև կանանց թիրախավորելու համար, երբ օրինակ`
նրանց անձնական կյանքին առնչվող և մի շարք այլ հանգամանքներ դառնում են զինված ուժերում
և անվտանգային համակարգերում ընդգրկված կանանց թիրախավորման պատճառ։ Արդյունքում հաճախ
հարցականի տակ է դրվում և վտանգվում է զինված ուժերում կանանց ներգրավվածության արդյունավետությունը,
ինչը պահանջում է հետևողական արձագանք», - նշել է Պաշտպանը։
Շարունակելով՝ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել
է պետական մարմինների ներգրավվածության ու գործնական քայլերի կարևորությունը կարծրատիպերի
հաղթահարման ուղղությամբ․ «Չնայած պետության կողմից կատարված լուրջ քայլերին ու փոփոխություններին`
մենք չենք կարող աչք փակել առկա բացասական երևույթների նկատմամբ կամ ձևացնել, թե դրանք
գոյություն չունեն: Խնդիրների մի մասը շարունակում է պահպանվել, և եթե այս կարծրատիպերի
հաղթահարման ուղղությամբ այսօր չձեռնարկենք լուրջ և հետևողական քայլեր, դրանք շարունակելու
են պահպանվել մեր միջավայրում»։
Համաժողովին մասնակցում են Հայաստանում հավատարմագրված
դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Ազգային
ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության, իրավապահ մարմինների, զինված ուժերի,
պետական այլ մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային
փորձագետներ, տարբեր երկրների զինված ուժերում ներգրավված կանայք, ինչպես նաև ակադեմիական
շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն է քննարկել զինված ուժերում
կանանց նշանակալի մասնակցության խթանման ուղիները: Համաժողովը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի
կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ։