Նոյեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
մասնակցել է «Մարդու իրավունքների ուղեցույց» առցանց հարթակի հայերեն տարբերակի պաշտոնական
ներկայացմանը։
Միջոցառման
ընթացքում Պաշտպանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ բարձր գնահատելով նախաձեռնության
դերը մարդու իրավունքների իրազեկման, կրթության և հանրային իրավագիտակցության բարձրացման
համատեքստում։
Անահիտ Մանասյանն
անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա հիմնահարցերին՝
շեշտելով դրանց խորքային բնույթը. «Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների հետ
կապված խնդիրները։ Դրանք խորքային են. քաղաքացիները հաճախ տեղեկացված չեն իրենց իրավունքների
երաշխիքների մասին։ Շատ հաճախ նույնիսկ պետական մարմինների ներկայացուցիչները մարդու
իրավունքների ժամանակակից չափանիշների առնչությամբ ունեն ձևախեղված ընկալումներ»։
Պաշտպանը
հատուկ անդրադարձել է մարդու իրավունքների կրթության դերակատարությանը՝ մարդու իրավունքների
պաշտպանության համակարգի կայացման տեսանկյունից. «Այս առումով իրապես շատ մեծ դերակատարություն
ունի մարդու իրավունքների կրթությունը, այդ թվում՝ հանրային իրազեկվածության բարձրացումը։
Առանց կրթության և ճիշտ իրազեկման անհնար է կառուցել մարդու իրավունքների պաշտպանության
արդյունավետ համակարգ»։
Միևնույն
ժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Հայաստանի
մարդու իրավունքների կրթության համակարգը պետք է ամբողջությամբ վերափոխվի. «Ցանկացած
նախաձեռնություն, որը կնպաստի այս ոլորտի բարեփոխմանը, հատկապես նման ձևաչափով, կունենա
էական և դրական ազդեցություն»։
«Մարդու իրավունքների
ուղեցույցը» առցանց ռեսուրս է՝ նախատեսված որպես ինքնօգնության գործիք և համագործակցության
հարթակ մարդու իրավունքների կրթության համար։ Ռեսուրսն ադապտացվել է մի շարք լեզուներով
և նախատեսված է աջակցելու ինչպես հասարակությանը, այնպես էլ ոլորտի մասնագետներին՝
տարբեր իրավիճակներում իրավունքների ճիշտ ընկալման գործում։ Ուղեցույցի հայերեն տարբերակը
մշակվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ Մարդու
իրավունքների բալթյան ընկերակցության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում: