Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների
կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկելու,
փորձի փոխանակման և դրանց լուծման հնարավոր ուղիներ որոնելու տեսանկյունից։
«Երիտասարդների մասնակցությունը հանրային գործընթացներին
պետք է լինի ոչ թե ձևական, այլ՝ բովանդակային: Կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենաք
Ձեր ձայնը լսելի դարձնելու և մասնակցելու հանրային օրակարգի ձևավորմանը։ Այս համատեքստում
հատկապես մեծ նշանակություն եմ տալիս կրթական համակարգի, այդ թվում՝ մարդու իրավունքների
կրթության ոլորտի շարունակական բարեփոխումներին։ Ցանկացած գործունեության տեսանկյունից
առաջնահերթ եմ համարում պրոֆեսիոնալիզմը, բարեվարքությունն ու պատասխանատվությունը»,
- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի
ձևաչափով ներկայացնելու իրենց հուզող հարցերը և ստանալու պատասխաններ Պաշտպանից։
Անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին՝ Անահիտ
Մանասյանը հատուկ ընդգծել է իրավունքի քաղաքականացման վտանգավոր միտումները՝ նշելով,
որ դրանք կարող են խորացնել հասարակական բևեռացումն ու խաթարել հանրային վստահությունը
իրավական պետության ինստիտուտների նկատմամբ։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել
է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության շարունակականությունը՝ նշելով,
որ այն արդյունավետ հարթակ է արդիական թեմաներ քննարկելու համար։