Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
2025 թվականի նոյեմբերի 5-6-ը մասնակցել են Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության
ազգային հարթակի՝ «Անվտանգության ոլորտի բարեփոխումների
ընթացիկ առաջընթացը և մարտահրավերները» խորագրով քննարկմանը։
Հանդիպման նպատակն էր խթանել անվտանգության ոլորտի կառավարման
և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը՝ ուղղված բարեփոխումների
շարունակականության ապահովմանը, ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների հզորացմանը
և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ապահովմանը պաշտպանական և իրավապահ
ոլորտներում։
Հանդիպմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, իրավապահ
համակարգի, խորհրդարանական հանձնաժողովների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության
ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
Արամ Մինասյանը և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության
բաժնի պետ Վանուհի Կարապետյանը՝ որպես հիմնական զեկուցողներ, միջոցառմանը հանդես են եկել ելույթներով։
Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները
պաշտպանության ոլորտի բարեփոխումների, զինծառայողների սոցիալական և տնտեսական իրավունքների
ապահովման, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի
ինստիտուցիոնալ ամրապնդման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել
ոստիկանության և իրավապահ մարմինների բարեփոխումների գործընթացում մարդու իրավունքների
պաշտպանության ապահովմանը, մասնագիտական էթիկայի և բարեվարքության մշակույթի կատարելագործման
անհրաժեշտությանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և վերահսկման արդյունավետ մեխանիզմներին։
Ելույթների ընթացքում ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի
կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրների կարևորությունը, մասնավորապես՝
• զինված ուժերում և իրավապահ մարմիններում մարդու
իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման,
• քրեական արդարադատության համակարգում մարդու
արժանապատվության, իրավունքի երաշխիքների լիարժեք իրացման,
• ինչպես նաև պետական մարմինների թափանցիկության,
հաշվետվողականության և հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։
Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի կողմից՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության, Անվտանգության
ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և Եվրոպայի անվտանգության և համագործակցության
կազմակերպության (ԵԱՀԿ) համագործակցությամբ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների
ֆինանսական աջակցությամբ։