Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն, մեդիա, ապատեղեկատվություն և հանրային վստահություն» թեմայով պանելային քննարկմանը և հանդես եկել որպես բանախոս։
Միջոցառման նպատակն էր վեր հանել Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ այն մարտահրավերները, որոնք կարող են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը, հանրային վստահության նվազեցմանը և ապատեղեկատվության տարածմանը։ Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պանելային քննարկմանը մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում մեդիա դաշտում առկա մարտահրավերներին, խնդիրների կարգավորման գործիքակազմերին և հանրության մեդիագրագիտության բարձրացմանը նպաստող գործոններին։
Լիլիթ Վարագյանը նշել է, որ մեդիայի ազատությունն ու մարդու իրավունքները փոխկապակցված են. «Երբ մեդիան անկախ չէ, մեծանում է ապատեղեկատվության սպառնալիքը՝ հասարակությանը զրկելով բազմակարծությունից և հավասարակշռված տեղեկատվությունից, որոնք նվազեցնում են հանրային վստահությունը, առաջացնում սոցիալական բևեռացում և նույնիսկ խաթարում են մարդկանց արժանապատվության ու անձնական կյանքի իրավունքը։ Այս համատեքստում անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր՝ մարդու իրավունքների կրթության տրամաբանությամբ։ Մեդիագրագիտությունը պետք է դառնա ոչ թե մասնագիտական թեմա, այլ հանրային մշակույթ»։
Պանելային քննարկումը կազմակերպվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։