Հոկտեմբերի
27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Խորհուրդ X» երիտասարդական
նախաձեռնության անդամներին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել
է, որ երիտասարդները պետք է ոչ թե ֆորմալ առումով ներգրավված լինեն տարբեր հարցերի
քննարկմանը, այլ ունենան ակտիվ մասնակցություն որոշումների կայացման գործընթացներին:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների
պաշտպանի հաստատության առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու
առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև համագործակցության
ձևաչափերը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների
հետ։
Պաշտպանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը անկախ և ապաքաղաքական կառույց է, որի հիմնական գործառույթներից են իրավունքների
պաշտպանությունն ու խթանումը: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների
վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։
«Ինքս առանձնակի կարևորություն եմ տալիս երիտասարդների
կողմից իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությանը, ինչպես նաև կրթական համակարգի,
այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության ոլորտի բարեփոխմանը։ Առանց մարդու իրավունքների
վերաբերյալ պատշաճ կրթության անհնար է ձևավորել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության
համակարգ։ Ցանկացած ոլորտում գործունեության տեսանկյունից ես առաջնային եմ համարում
պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը», — նշել է Անահիտ Մանասյանը։
Երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի
ձևաչափով ներկայացնելու իրենց հուզող հարցերը և ստանալու պատասխաններ Պաշտպանից։
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն
է հայտնել ակտիվ մասնակցության և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ կարևորում
է նման ձևաչափի հանդիպումները՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման, մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց համատեղ լուծման
ուղիների որոնման համար։