Հոկտեմբերի
22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների և ծառայությունների վերաբերյալ» ազգային համաժողովին և
հանդես եկել բացման խոսքով։
Իր խոսքում Պաշտպանը շեշտել է, որ հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Նա իր շնորհակալությունն է հայտնել
համաժողովի կազմակերպիչներին՝ կարևորելով նման հարթակների դերը ոլորտի հիմնախնդիրների,
մարտահրավերների և ձեռքբերումների քննարկման, ինչպես նաև համատեղ լուծումների մշակման
գործում. «Այս ոլորտում առկա են բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ, և նման կառուցողական
քննարկումներն էական նշանակություն ունեն՝ առկա խոչընդոտները հաղթահարելու և համակարգը
զարգացնելու համար»։
Պաշտպանն անդրադարձել է մի շարք հիմնարար և
համակարգային խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան
պետական քաղաքականություն. «Խարանային և կարծրատիպային մոտեցումները, որոնք դեռևս առկա
են հասարակության որոշ շերտերում, շարունակում են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող
անձանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական կյանքում։ Այս հարցում կարևոր է ոչ
միայն պետական կառույցների, այլ նաև ամբողջ հասարակության ներդրումը՝ այդ խոչընդոտները
հաղթահարելու ուղղությամբ»։
Կրթության ոլորտը, հատկապես մարդու իրավունքների
կրթությունը, ըստ Պաշտպանի, պահանջում է համակարգային վերանայում և արմատական բարեփոխումներ։
Մատչելիության հարցերը շարունակում են մնալ
առկա ու խորքային խնդիր Հայաստանում։ Պաշտպանի կարծիքով, այս ուղղությամբ անհրաժեշտ
է իրականացնել նպատակային և շարունակական քաղաքականություն՝ ապահովելու համար հաշմանդամություն
ունեցող անձանց ինքնուրույն ու արժանապատիվ կյանք վարելու հնարավորությունը։
Եզրափակելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել
է իր պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու աշխատել հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և հասարակության մեջ ներառականության
բարձրացման ուղղությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում
Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնք, ԵՄ ներկայացուցչության
համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Հավասարության և մատչելիության ապահովում
հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի ղեկավար Փոլին Լը Լևրը (Վորլդ Վիժն,
Ֆրանսիա), «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների
պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե
Գրիգորյանը։
Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային
քննարկում՝ ապաինստիտուցիոնալացում և համայնքահեն ծառայություններ թեմայով, որին որպես
բանախոս մասնակցել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների
ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։
Համաժողովն իրականացվում է «Հավասարության և
մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում,
որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
և իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք
կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։