Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում մասնակցել
է խորհրդարանական լսումների՝ «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող
օրենսդրական նախագծերի էությունը։ Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի
քաղաքականությունը» թեմայով:
Քննարկումը նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մասնակցել են Ազգային ժողովի
պատգամավորներ, պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ,
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը անդրադարձել է
երեխաների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրների` կարևորելով ոլորտային
համապարփակ օրենսդրական փոփոխությունների իրականացումը. «Երեխաների իրավունքներին առնչվող
խնդիրները Հայաստանում բազմազան են և շատ կարևոր է դրանց ճիշտ հասցեավորումը։ Այս համատեքստում
կարևորում եմ օրենսդրական նախագծերի փաթեթի առկայությունը: Ուրախալի է, որ այսօր կարող
ենք գործ ունենալ առնվազն լուծումների մշակման գործընթացի հետ, ինչը ցույց է տալիս
ոլորտում առկա հանձնառությունը», - ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է երեխաների
նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հարցում համակարգային
մոտեցումների որդեգրման ու անհետաձգելի միջոցների կիրառման անհրաժեշտությանը. «Երեխայի
հանդեպ բռնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Մենք սովոր ենք խոսել ֆիզիկական
բռնության մասին, բայց պետք է հաշվի առնել նաև բռնության այլ ձևերը, որոնք ոչ պակաս
վտանգավոր են և լայնորեն տարածված»:
Որպես հաջորդ կարևոր ուղղություն Պաշտպանը նշել
է երեխայի պաշտպանության համակարգի վերափոխումը` հատուկ անդրադառնալով խնամակալության
և հոգաբարձության մարմինների աշխատանքին. «Հստակ է՝ անհրաժեշտ է նշված մամինների համակարգային
վերափոխում և կարողությունների զարգացում՝ երեխաների լավագույն շահը լիարժեք ապահովելու
համար»:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է նաև,
որ երեխայի իրավունքներին առնչվող խնդիրներից շատերը պայմանավորված են այն հանգամանքով,
որ մարդու իրավունքների կրթության համակարգը Հայաստանում չի համապատասխանում աշխարհում
գործող ժամանակակից չափանիշներին․ «Շատ կարևոր է բարեփոխել մարդու իրավունքների կրթության
համակարգը, քանի որ ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ պայմանավորված են այն հանգամանքով,
որ գործող կրթական համակարգը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին և միջազգային
լավագույն փորձին։ Այդ պատճառով մենք հաճախ բախվում ենք մարդու իրավունքների իրացման
և պաշտպանության արդյունավետության հետ կապված խոչընդոտների, որոնք հետևանք են թե´
պետական մարմինների ներկայացուցիչների, թե´ մասնագիտական համայնքների ոչ բավարար գիտելիքների
և հմտությունների առկայության: Ուստի առանցքային է ոլորտային կրթական համակարգի վերափոխումն
ու մասնագետների հմտությունների կատարելագործումը»:
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ երեխաների
իրավունքների պաշտպանության հարցում առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն
համատեղ ջանքերով։