ՄԻՊ աշխատակազմի
մշտադիտարկման արդյունքում մտահոգիչ տեղեկություն է ստացվել առ այն, որ օրեր առաջ բռնության
է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում
խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական
գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով
ունի հստակ իրավական պարտավորություններ։ Հատկապես կարևոր է մասնագիտական, այդ թվում`
լրագրողական գործունեություն իրականացնող անձանց անխոչընդոտ, էթիկայի չափանիշներին
համապատասխանող գործունեությունը ու դրա երաշխավորումը:
ՄԻՊ աշխատակազմում
կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնվել
է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն: Կարևորելով նշված հանգամամքը`
Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ
ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի
ծավալի տեղեկատվության ներկայացումը:
Նշենք,
որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության
ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: