Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ
օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ:
Քննարկվել
են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության
կատարելագործման առնչությամբ:
Լոռու
մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության
նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ
ազատությունից զրկված անձանց հետ:
Առանձնազրույցների
արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի
վարչակազմի հետ։
Այցի արդյունքները
մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, դրանց կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ
միջոցներ:
Ազատությունից
զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների
պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը
կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման
հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների
հետ հաղորդակցության շրջանակներում:
Տեղեկացում.
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման նոր հասցեն է՝ Լոռու մարզ քաղաք Վանաձոր,
Վարդանանց փողոց, շենք 33, տարածք 1, +374 55 065 116