Մարոկկոյի Թագավորությունում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում:
Կանխարգելման ազգային մեխանիզմների մանդատին ու գործունեությանը նվիրված աշխատաժողովին հատկապես բարձր է գնահատվել այն, թե ինչպես է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում քաղաքացիների և պետական մարմինների հետ: Քննարկվել են այն խնդիրները, որոնք արձանագրվել են ազատությունից զրկման վայրերում աշխատելիս՝ ուշադրություն դարձնելով դրանց լուծմանը:
«Խոշտանգումների կանխարգելման ոլորտն այնպիսինն է, որ պահանջում է սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտի անկախ փորձագետների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու և արդյունքի հասնելու սկզբունքներով: Անհրաժեշտ է նաև բարձր որակի համագործակցություն ազատությունից զրկման վայրերի վարչակազմերի հետ: Չափազանց կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- Մարդու իրավունքների ազգային կենտրոնի և Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ընդգծել է Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Այդ նպատակով անցյալ տարի արդեն իսկ Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները, Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալն ու գլխավոր քարտուղարը, Բոսնիա եւ Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը:
Նկարները՝ Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի