Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ,
Ծաղկաձորում հուլիսի 25-26-ին կազմակերպել
է վերապատրաստման դասընթաց քրեակատարողական հիմնարկների և «Քրեակատարողական բժշկության
կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմերի համար։
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար
Թադևոսյանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը։
Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ոլորտում
առկա խնդիրները հնարավոր չէ լուծել միայն դրանք արձանագրելով, ագրեսիվ քննադատությամբ
կամ մեկ դերակատարի կողմից դրանք ուղղակի բարձրաձայնելով․
«Վստահ եմ, որ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խնդիրների
լուծումը հնարավոր է միայն համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ։ Այս ուղղությամբ
միջազգային փորձը հստակ է՝ արդյունավետ լուծումներ կարող են լինել բացառապես խնդիրները
ճանաչելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ համագործակցության արդյունքում»։
Անդրադառնալով խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
թեմային՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս առումով հասարակական ընկալումների մակարդակում
դեռևս առկա են թյուրըմբռնումներ, ինչն անհրաժեշտ է հաղթահարել ոլորտի պատշաճ հասցեավորման
համար:
Պաշտպանը շեշտել է, որ իր կողմից հարցերի բարձրաձայնումը երբեք
չունի ագրեսիվ քննադատության ինքնանպատակ․«Մենք խնդիր չունենք քննադատելու հանուն քննադատության։
Մեր նպատակը խնդիրները բարձրաձայնելն է, դրանք ճանաչելի դարձնելը և համագործակցային
հարթակում լուծումներ գտնելը»։
Վերապատրաստման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի
կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է Կանխարգելման ազգային
մեխանիզմի մանդատն ու գործառույթները, խոշտանգման իրավական սահմանումը՝ Հայաստանի իրավական
դաշտում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային
փաստաթղթերը և ԽԿԿ չափանիշները։
Դասընթացը վարում են
Լաուրա Գասպարյանը, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության
պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը, Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ Նարինե
Սիրադեղյանն (հոգեբան) ու Դավիթ Անանյանը (հոգեբույժ)։ Երկու օրերի ընթացքում անդրադարձ
է կատարվելու խոշտանգումների հետևանքներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
համապատասխան որոշումներին, ինչպես նաև ինքնասպանության կանխարգելման գործիքակազմին,
ինքնասպան վարքագծի նախանշաններին, հացադուլի վարմանը, հատուկ միջոցների կիրառմանն
ու բժշկական գաղտնիքին։
Դասընթացի նպատակն է նպաստել ոլորտային աշխատողների մասնագիտական
կարողությունների ամրապնդմանը և փոխգործակցության խթանմանը՝ ի նպաստ խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգի ձևավորման։
Միջոցառումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի,
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում
և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։