Հուլիսի
14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ,
տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու
գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։
Հանդիպմանը
մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Ողջունելով
պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն
Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հիմնական գործառույթներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ համաշխարհային մարտահրավերների
պայմաններում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պահանջում
է առավել հետևողական, մասնագիտական, բարեվարք և նվիրված մոտեցում։
Պաշտպանը
հատկապես կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության
ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են երկկողմ
համագործակցության մի շարք առանցքային հարցեր՝ ներառյալ փոխայցերի կազմակերպման, փորձի
փոխանակման և թեմատիկ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության այն բարեփոխումները, որոնց արդյունքում
2024 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերահավատարմագրվել
է անկախության և վստահելիության A բարձր կարգավիճակով ՄԱԿ հավատարմագրման հանձնաժողովի
կողմից:
Իր հերթին
Ռոբերտ Դոբրովոդսկին բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությունը և ընդգծել գործընկերային համագործակցությունը շարունակելու և զարգացնելու
պատրաստակամությունը։
Հանդիպման
ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերային
հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ի նպաստ մարդու իրավունքների
պաշտպանության: