Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:
Այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության
և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։
Քննարկվել
են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության
երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։
Անահիտ
Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի
հաղթահարման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը: Այս համատեքստում
Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝
հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման
գործում համատեղ ծրագրերը։
Կողմերը
փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել: