«Հունիսի
26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային
օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և
այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։
Հայաստանի
Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային
մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վատ վերաբերմունքի բոլոր ձևերի
կանխարգելման հարցերը։ Պաշտպանի կողմից հրապարակված տարեկան և արտահերթ զեկույցներում
բազմիցս բարձրաձայնվել է ինչպես կանխարգելման ուղղությամբ համակարգային բարեփոխումների
անհրաժեշտության, այնպես էլ խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի
հատուցման և վերապրածներին աջակցության մեխանիզմների բացակայության խնդրի մասին։
Այսօր
առավել քան ակնհայտ է խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքների համար համապարփակ
աջակցության՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների անհրաժեշտությունը։
Նման աջակցությունը պետք է լինի շարունակական, ամբողջական և պետության կողմից երաշխավորված։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է ահազանգեր և դիմումներ, որոնք
վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերին՝
քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում և նախաքննական մարմիններում։ Այդ
ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր` նման դեպքերը կանխարգելելու և գործերով
պատշաճ քննություն իրականացնելու նպատակով։
Պետությունը
պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ,
ապահովել նման դեպքերին արագ և համարժեք արձագանք, իրականացնել արդյունավետ, անկախ
և թափանցիկ քննություն՝ իրականությունը բացահայտելու և մեղավոր անձանց պատժելու նպատակով։
Այս ուղղությամբ առկա խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն։
Վստահ
եմ՝ համատեղ ջանքերով մենք կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների
և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի։ Սա ոչ միայն իրավական պահանջ է,
այլ քաղաքակրթական ընտրություն, որը պետք է ընկած լինի ժամանակակից իրավական պետության
հիմքում»: