Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի
և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն
է ստացվել առ այն, որ Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։
ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ևս ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց
տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ:
Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս
ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։
Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում
ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին
ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան
իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից
զրկելու պրակտիկան։
ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին շարունակում են ստացվել
ահազանգեր նաև այն մասին, որ դեռևս հունիսի 18-ից մի շարք տրանսպորտային միջոցներ շարունակում
են մնալ Ոստիկանության հատուկ տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է անդրադառնում
վերոնշյալ խնդիրին, այդ թվում` տարեկան հաղորդումներում։
Նշված դեպքերով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել իրավասու
պետական մարմնից և դրանց վերլուծության արդյունքում կներկայացնի խնդրի առնչությամբ
իր դիրքորոշումը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տրանսպորտային միջոցները
հատուկ տարածք կարող են բերման ենթարկվել և արգելանքի տակ դրվել բացառապես համապատասխան
իրավական հիմքերի առկայությամբ և դրանք քաղաքացիներին ներկայացնելով, իսկ տևական ժամանակ
անհիմն կամ ծրագրային, տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ օրինական տիրապետողին
տրանսպորտային միջոցը չվերադարձնելը կարող է խնդրահարույց իրավիճակներ ձևավորել մարդու
իրավունքների տեսանկյունից: Ուստի, Պաշտպանը
կարևորում է, որպեսզի խստորեն պահպանվեն տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ
տարածք տեղափոխելու և արգելանքի տակ դնելու համար օրենքով նախատեսված պահանջները։