ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ հունիսի 17-ին տեղի է
ունեցել միջազգային համաժողով «Բիզնես և մարդու իրավունքներ. Կորպորատիվ սոցիալական
պատասխանատվություն» խորագրով։ Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդու իրավունքներ և
շրջակա միջավայրի համար պատասխանատու բիզնես պրակտիկա» ծրագրի շրջանակում։
Համաժողովի
նպատակն էր խթանել երկխոսությունը գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության,
ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում միջազգային ստանդարտների
կիրառման ուղղությամբ, ուսումնասիրել մի շարք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների
և Բելգիայի փորձը գործարար հարաբերություններում մարդու իրավունքների ապահովման և կորպորատիվ
սոցիալական պատասխանատվության ոլորտում։
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով:
Պաշտպանը
կարևորել է նման հարթակի ձևավորումը՝ ոլորտում առկա խնդիրները վերհանելու, համատեղ
ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։
«Այս համաժողովը
իրապես շատ կարևոր է. մենք անդրադառնում ենք այնպիսի խնդիրների, որոնք գրեթե բացակայում
են հանրային օրակարգում կամ քննարկվում են բոլորովին այլ դիտանկյունից։ Դրանց մասին
չկա նաև պատշաճ իրազեկում։ Կարևոր է ստեղծել հարթակ, որտեղ հնարավոր կլինի պետական
մարմինների և մասնավոր հատվածի ներգրավմամբ բաց և ընդգրկուն քննարկումներ կազմակերպել
գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության մեխանիզմների առնչությամբ։ Պետք
է երաշխավորենք, որպեսզի այս ոլորտում բոլորի ձայնը լսելի լինի»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն
անդրադարձել է նաև ոլորտում մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատու մոտեցման առումով
առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների
և ստացվող բողոքների արդյունքում բազմաթիվ խնդիրներ են արձանագրվում ինչպես աշխատողների
իրավունքների ապահովման, այնպես էլ՝ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի
բացակայության առումով։
«Սրանք
մեկ օրվա խնդիրներ չեն, այլ տարիների ընթացքում կուտակված համակարգային հարցեր են։
Օրինակ՝ շենքերի քանդման անթույլատրելի մեթոդները, աշխատողների` հանգստի, անվտանգության
և հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններ երաշխավորելու, գործադուլի և այլ
իրավունքների իրացման բնագավառում առկա խնդիրները։ Գոյություն ունեցող կառուցակարգերը
պահանջում են խորքային բարեփոխումներ՝ այդ թվում` տեսչական մարմինների, և վերահսկողության
ընդհանուր մշակույթի կատարելագործման առումով»,- շեշտել է Անահիտ Մանասյանը։
Քննարկվել
են նաև աշխատանքային միջավայրում իրավահավասարությանն ու հակախտրականությանը վերաբերելի
հարցեր՝ անդրադառնալով խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց
համար պատշաճ աշխատանքային միջավայրի բացակայության խնդիրներին։
Համաժողովի
ընթացքում ներկայացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը, որում կարևորվել
է գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության
ձևավորումն ու միջազգային փորձի կիրառումը։ Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև ԵԽ Մարդու
իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն
Քլեր Օվեյը (տեսաուղերձ)։
Պանելային
քննարկումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Բաբկեն Թունյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Էկոնոմիկայի
նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը,
Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը,
պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական
առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ
և միջազգային փորձագետներ:
Միջոցառման
շրջանակում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում պետական մարմինների
ներկայացուցիչները, փաստաբանները և միջազգային փորձագետները քննարկել են ոլորտին առնչվող
մի շարք կարևոր հարցեր։
Առաջին
պանելի ընթացքում քննարկվել են միջազգային ներդրումների հնարավոր ազդեցությունը մարդու
իրավունքների և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրավական կարգավորումների անհրաժեշտությունը
և դրանց ներառման հնարավորությունները ներդրումային քաղաքականության շրջանակում։ Օրինակներ
են ներկայացվել Ֆրանսիայի և Գերմանիայի փորձից, հատուկ ուշադրություն է դարձվել Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերին և դրանց կիրառելիությանն այս համատեքստում։
Երկրորդ
պանելային քննարկումը նվիրված էր գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Մասնակիցները վերլուծել են գործարար գործունեության շրջանակում առաջացող իրավական խնդիրները՝
ներառյալ հարկային քաղաքականության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը, ներդրող-պետություն
վեճերի կարգավորման մեխանիզմները, ինչպես նաև իրավունքի իրական պաշտպանության գործիքակազմի
հնարավոր բարելավումները։
Երրորդ
պանելի շրջանակում համաժողովը միջդիսցիպլինար հարթակ է հանդիսացել քաղաքականություն
մշակողների, իրավաբանների, բիզնեսի և ներդրումային ոլորտի ներկայացուցիչների համար`
քննարկեցու, թե ինչպես կարելի է ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը
մրցակցային և արագ զարգացող տնտեսական միջավայրում։
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ներկայացվել են առավել հաճախ արձանագրվող
խնդիրները, մասնավորապես՝ հարկային օրենսդրության կիրառման, իրականացվող վարչարարության,
իրազեկման պակասի, մաքսազերծման գործընթացների, մաքսային վճարների հաշվարկման և մի
շարք այլ ուղղություններով։
Անահիտ
Մանասյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԵԽ գործընկերներին արդյունավետ համագործակցության
համար, պետական իշխանության մարմիններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին,
ինչպես նաև միջազգային գործընկերներին խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության
համար։
Եզրափակելով
խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ ոլորտում առկա խնդիրները միայն առանձին
կազմակերպությունների չեն վերաբերում։ Դրանք համընդհանուր նշանակության հարցեր են,
որոնք պահանջում են համակարգային մոտեցում և պետական լիարժեք հանձնառություն։
Անահիտ
Մանասյանն ընդգծել է, որ ոլորտում առկա հարցերը պետք է շարունակեն մնալ թե՛ պետական
կառույցների, և թե՛ մասնավոր հատվածի ուշադրության կենտրոնում՝ ապահովելով իրավունքի
գերակայությունը, սոցիալական պատասխանատվությունը և իրավահավասարությունը։