Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել բարձրագույն
կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:
Միջոցառումը
տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների
պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը
Հայաստանում» ծրագրի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, իրականացվում է ԵԽ-ի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:
Մասնակցել
են պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի գործընկերներ, ուսումնական
հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Ուսանողների համար անցկացվել է նաև
դասախոսություն ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ` ԵԽ միջազգային փորձագետ Ֆեդերիկո
Ֆալոպպայի կողմից։
Իր խոսքում
Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն
իրավական պատասխանատվության գործիքներով, այլև կրթական համակարգում կառուցողական երկխոսության
հարթակ ձևավորելու միջոցով։
«Մեր իրականացրած
մշտադիտարկումները վկայում են, որ բազմաթիվ դասախոսներ և մասնագետներ օգտագործում եմ
այնպիսի հրապարակային խոսույթ, որը պարունակում է խտրական և ատելության խոսքի տարրեր:
Սրա դեմ միանշանակ պետք է պայքարել»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը
հատուկ ընդգծել է, որ կրթական ծրագրերը չեն պարունակում իրավահավասարության, հակախտրականության
ոլորտի և ատելության խոսքի վերաբերյալ բավարար տեղեկատվություն։ Նրա համոզմամբ՝ խնդիրը
հաճախ պայմանավորված է ոչ թե մարդկանց՝ ատելություն տարածելու ցանկությամբ, այլ համապատասխան
գիտելիքի պակասով։ Եթե կրթական համակարգում առկա բացերը լրացվեն, դա կնպաստի նաև հանդուրժողականության
և համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։
Անահիտ
Մանասյանը կարևորել է նաև ակադեմիական համայնքի համար վարքագծի կանոնների և էթիկական
չափանիշների հստակ ամրագրումը՝ նշելով, որ մի շարք բուհերում դրանք արդեն առկա են,
սակայն պրակտիկայում դեռևս լայն կիրառում չեն ստանում և էթիկական ստանդարտների պահպանման
նկատմամբ չկա պատշաճ վերահսկողություն։
Ավարտելով
խոսքը՝ Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել տեղական և միջազգային գործընկերներին՝
մարդու իրավունքների պաշտպանության այս կարևոր ոլորտում համատեղ աշխատանքների և աջակցության
համար։
«Մենք
խոսում ենք մի ոլորտի մասին, որտեղ խնդիրները միայնակ հաղթահարելը գրեթե անհնար է։
Ուրախալի է, որ ունենք ինչպես արդյունավետ համագործակցություն, այնպես էլ ամուր հանձնառություն՝
ատելության խոսքի դեմ պայքարում», — նշել է Պաշտպանը։
Բացման
խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին
և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային
արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության
դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն:
Միջոցառման
բանախոսներն էին Պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ փորձագետներ Ֆեդերիկո Ֆալոպպան և Արա
Ղազարյանը: