Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ
Ջեյքոբ ՄաքԳիի հետ։
Հանդիպմանը
մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գրասենյակի
եվրոպական և եվրասիական հարցերով բաժնի պետ Մայքլ Դոզլերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան
Դեյվիդ Ալենը, ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ուորները և
քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության հիմնական
ուղղությունները և ընթացիկ առաջնահերթությունները՝ հատուկ ընդգծելով ատելության խոսքի,
խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին ուղղված և մի շարք այլ ոլորտներում
իրականացվող աշխատանքների կարևորությունը։
Հանդիպման
ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են քրեակատարողական
հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում պահվող, հաշմանդամություն ունեցող
անձանց, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի
կիրառման խնդիրներին։
Պաշտպանն
անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նշելով, որ այն
պետք է դիտարկվի մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման
համատեքստում։
Քննարկվել
են նաև իրավահավասարության ապահովման և հակախտրականության քաղաքականության շրջանակներում
առկա մարտահրավերները։ Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության
աճող դրսևորումները խիստ մտահոգիչ են՝ ընդգծելով դրանց կանխարգելման և երևույթի դեմ
արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։
Հանդիպման
ավարտին Ջեյքոբ ՄաքԳին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել
Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման
գործում։