Մարդու
իրավունքների պաշտպանին 2024 թվականի ընթացքում ուղարկվել է մարդու իրավունքներին և
ազատություններին վերաբերող 173 նորմատիվ իրավական ակտերի նախագծային փաթեթ։ Դրանց
վերաբերյալ Պաշտպանի կողմից, հաշվի առնելով միջազգային չափանիշներն ու իրավակիրառ պրակտիկան,
ներկայացվել է 226 նկատառում՝ ներառելով նախագծային խնդրահարույց կարգավորումների առնչությամբ
ոչ միայն քննադատություն, այլ նաև դրանց փոփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ։
ՄԻՊ աշխատակազմի
վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի ընթացքում Պաշտպանին կարծիքի ներկայացված
ու նախարարական կոմիտեների և Կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված նախագծային
փաթեթների առնչությամբ Պաշտպանի նկատառումների գրեթե 70 տոկոսն ընդունվել է իրավասու
մարմինների կողմից, դրանց հիման վրա նախագծերում կատարվել են համապատասխան փոփոխություններ։
Տարվա
ընթացքում Պաշտպանը նկատառումներ է ներկայացրել մի շարք կարևոր նախագծերի վերաբերյալ,
որոնք նաև հանրային լայն քննարկումների առարկա են դարձել, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության
կանխարգելման և պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթին, հաշմանդամություն
ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման կարգին,
փաստաբանական ծառայությունների համար հարկային բեռի ավելացմանը, ինչպես նաև տեղեկության
ազատությանը, անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերելի օրենքների և այլ իրավական
ակտերի փոփոխությունների նախագծերի առնչությամբ։
Պաշտպանը
բարձր է գնահատում այն փաստը, որ չնայած ՄԻՊ կողմից ներկայացվող նկատառումների հիմնական
մասը քննադատական են, պետական մարմինները դեպքերի հիմնական մասում հաշվի են առնում
դրանք, նախագծերում կատարում համապատասխան փոփոխություններ։
Այդ հանգամանքը
նպաստում է ոչ միայն օրենսդրության որակի բարձրացմանը, այլև մարդու իրավունքների առավել
արդյունավետ իրացմանը և պաշտպանությանը։
Չնայած
վերը շարադրվածին` առկա են մի քանի նախագծերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի
սկզբունքային նկատառումներ, որոնց հիման վրա իրավական ակտերի նախագծերում փոփոխություններ
չեն կատարվել: Թեև Պաշտպանը նշված իրավիճակներում օգտագործում է նաև այլ գործիքակազմեր,
օրինակ` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը և այլն, սակայն կարևոր է, որպեսզի
խնդիրները ամբողջական լուծում ստանան հենց սկզբնական փուլում` նախագծային կարգավորումները
փոփոխելու միջոցով:
ՄԻՊ դիմումի
հիման վրա, օրինակ` Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել վերարտադրողական
առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի` իրավունքների տեսանկյունից
խնդիրների հանգեցնող կարգավորումներից մեկը:
Հարկ է
նաև նշել, որ բացառիկ են դեպքերը, երբ մարդու իրավունքներին առնչվող առանձին նախագծեր
չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի: Չնայած խնդիրը լուծվել է պետական
իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում, Պաշտպանը կարևորում է, որպեսզի
նման առանձին դեպքերը ևս բացառված լինեն: