Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց
է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ
24 միլիոն դրամ վճարելով` զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ
1 ամիս ժամկետով։ Պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ստացել է բազմաթիվ ահազանգեր
քաղաքացիներից՝ վերոնշյալ առաջարկների վերաբերյալ։
Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում
ձևավորել` անձանց գույքային դրությամբ պայմանավորված` փաստացի հանդիսանալով նաև խտրականության
արգելքի սկզբունքի խախտում։
Ընդ որում, 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները,
ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները,
ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն
ավելի երկար ժամկետով՝ 24 ամիս: Արդյունքում, ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող
անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ
չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու
իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ:
Առաջարկվող կարգավորմամբ, ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների
նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը
կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց
պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության
անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու
ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված
չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով:
Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող
ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների
հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի
արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում
18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանքով:
Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում
նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից:
Աներկբա է, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն
ու խթանումը սկզբունքորեն դժվար է պատկերացնել առանց զինծառայողների շրջանում ամուր
կարգապահության:
Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք գնահատվել են ռիսկերը,
թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների
շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն
է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով: Արդյո՞ք դա չի հանգեցնելու
զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների
խորացման:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է հարցը դիտարկել սահմանադրական
և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ, ինչպես նաև նախագծային
առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ։
Ավելին, Պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված
խնդիրները պետության կողմից լուծել այլ` համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության
և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ։
Պաշտպանը նախագծերի վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններն
առավել մանրամասն կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։