Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին բացման խոսքով է հանդես եկել սեռական
բռնության վաղ կանխարգելման, արդյունավետ պաշտպանության և պատշաճ հասցեավորմանն ուղղված
միջոցառմանը, որը կայացել է սեռական բռնության կանխարգելման ամսվա շրջանակում։
Իր ելույթում
Պաշտպանը նշել է, որ սեռական բռնությանը վերաբերող հարցերը, ցավոք, հաճախ մնում են
որպես տաբու, նույնիսկ մասնագիտական հարթակներում դրանց քննարկումը երբեմն խոչընդոտներով
է ընթանում։ Նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք հնարավորություն
են տալիս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները և մշակելու հնարավոր լուծումներ։
«Այս ոլորտում
խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի,
հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի
ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն
չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ
չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։
Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի
ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Որպես
բանախոս` պանելային քննարկման ընթացքում, Անահիտ Մանասյանը կարևորել է իրավասու մարմինների
կողմից իրենց գործառույթների իրականացումը ժամանակակից չափանիշներին համապատասխան՝
մատնանշելով, որ հաճախ այս ոլորտի խնդիրները հենց նրանց կողմից թերագնահատվում են կամ
ճիշտ չեն հասցեավորվում։
«Իրավասու
կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ
նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ, ունեցել ենք դեպք,
երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է
փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների
և թիրախավորման զոհ դառնալ», – հավելել է նա։
Պաշտպանը
մտահոգություն է հայտնել նաև մասնագիտական հանրության անտարբերության վերաբերյալ՝ նշելով,
որ երբեմն հենց մասնագիտական հանրույթի կողմից
թիրախավորվում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս խնդիրներով։ «Այս ամենը
նպաստում է կարծրատիպային մթնոլորտի ձևավորմանը, որտեղ զոհերը մնում են միայնակ և անպաշտպան»,
– ասել է նա։
Մարդու
իրավունքների պաշտպանի զեկույցներում խնդիրը վերլուծվում է, իրականացվում են նաև հանրային
իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում հաճախ բացահայտվում են նոր խնդիրներ։
«Այս հարցում
անհրաժեշտ է միասնական մոտեցում։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք հաղթահարել առկա
մարտահրավերները և ստիպել բոլոր դերակատարներին պատշաճ իրականացնել իրենց գործառույթները։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին,
քաղաքացիական հասարակությանը և փորձագիտական հանրությանը՝ այս զգայուն թեմաները մշտապես
բարձրաձայնելու և հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար», – եզրափակել է
Անահիտ Մանասյանը։
Միջոցառումը նախաձեռնել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան
գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝
«Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում»
ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում
է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։