Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ
ապրիլի 28-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի նպատակն էր ամրապնդել պետական հաստատությունների
և լրատվամիջոցների միջև հաղորդակցությունը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ
պայքարի համատեքստում:
Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ`
Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից համաֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի
կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի «ԳԼԿ
III. Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովի նպատակն էր ստեղծել կառուցողական երկխոսության
հարթակ՝ վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, խթանելու պետական մարմինների և լրատվամիջոցների
համագործակցությունը՝ Եվրոպական լավագույն փորձի կիրառմամբ, նվազեցնելու հանրային միջավայրում
ատելության խոսքի դրսևորումները։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների
անցկացումը՝ շեշտելով դրանց նշանակությունը ժողովրդավարական գործընթացների զարգացման
և հանրային վստահության բարձրացման գործում:
«Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում
ամենավտանգավոր երևույթներից է։ Այն բազմաթիվ խնդիրների և հանցագործությունների հիմք
է դառնում: Թիրախավորվում է անձի կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությունը, սեռը,
գենդերային ինքնությունը և այլն։ Ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում այն բավական մեծ
տարածում ունի։ Ատելության խոսքի կանխարգելման հարցում լրագրողների դերը շատ մեծ է,
իսկ նման կառուցողական քննարկումները նպաստում են խնդիրները համատեղ լուծելուն», -
նշել է Անահիտ Մանասյանը։
Ըստ Պաշտպանի՝ մեր երկրում ատելության խոսքը հնչում է ամենուր՝
ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, այնպես էլ՝ մասնագիտական համայնքների կողմից: Այս համատեքստում շատ կարևոր է կրթական համակարգի
վերափոխումը, անհրաժեշտ են նաև օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ բացի քրեաիրավական
պատասխանատվությունից, նաև օրինակ` վարչական պատասխանատվության նախատեսում։
Առաջին պանելային քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր
ղեկավար Գայանե Աբրահամյանը և Հայաստանի Հանրային Ռադիոյի լրատվական ծրագրի ղեկավար
Լիանա Եղիազարյանը անդրադարձել են պետական կառույցների և ԶԼՄ-ների միջև հաղորդակցության
ամրապնդման հարցերին, քննարկել են Եվրոպական չափանիշներն ու լավագույն փորձը, անդրադարձ
է կատարվել ատելության խոսքին առնչվող տարբեր հարցերի։
Այնուհետև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ Սարա Վասիլեն
և Էկատերինե Սխիլաձեն խոսել են Մարդու իրավունքների պաշտպանի դերի վերաբերյալ՝ ատելության
խոսքի և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում, անդրադարձել Եվրոպական
չափանիշներին և լավագույն փորձին: Նրանք անդրադարձել են նաև ԶԼՄ-ների կողմից խոցելի
խմբերի, այդ թվում՝ խտրականության դեպքերի լուսաբանմանը՝ էթիկական չափանիշներին համապատասխան՝
խթանելով ներառական մոտեցումը, հավասարությունն ու բազմազանությունը:
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան Պարսիլյանը, ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, իրավապաշտպան
Սիրանուշ Սահակյանը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրազ Շամոյանը
քննարկել են ատելության խոսքի և խտրականության կանխարգելման համատեքստում լրատվամիջոցների
կողմից զգայուն թեմաների լուսաբանմանն ու հաղորդակցման ապահովմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների
պաշտպանի դերին ատելության խոսքի, խտրականության բացառման և լրատվամիջոցների հետ հաղորդակցության
համատեքստում։
Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, լրատվամիջոցների
ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամ,
միջազգային գործընկերներ, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներ, այդ թվում՝
առցանց ձևաչափով։