Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին
այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում
բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին:
Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները,
բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:
Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային
վնասվածք ստացած զինծառայողին:
Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են
ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների,
բժշկական սարքավորումներով հագեցվածության, անձնակազմի համալրվածության, ատեստավորման
գործընթացի և այլնի վերաբերյալ:
Կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված
ուժերի անձնակազմի առողջության պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական
բուժօգնության կազմակերպման հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտին անհրաժեշտ
է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝
սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային
համալրվածության ապահովում: Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի
2024թ. տարեկան հաղորդմամբ:
Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի
և պատշաճ բժշկական օգնության հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների
պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: