Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան
կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը
մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության
տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական
արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների,
ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության
խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները,
ինչպես նաև շեշտադրել քաղհասարակության կազմակերպությունների հետ համագործակցության
կարևորությունը։
Հանդիպման
ընթացքում կողմերը քննարկել են Նիդերլանդների հելսինկյան կոմիետի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրային համագործակցությունները, Հայաստանում
քաղհասարակության կազմակերպությունների դերը, խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները,
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը,
ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։
Անդրադարձ
է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների,
իրազեկման աշխատանքների, ուսումնաճանաչողական այցերի նշանակությանը և շարունակականության
անհրաժեշտությանը։
Քննարկվել
են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:
Իրենց
հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով
Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման
գործում։
Հանդիպման
ավարտին կողմերը համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամություն
են հայտնել։