Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց
թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։
Մոնիթորինգային
այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա
Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի
հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին:
Հանդիպման
ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը և գործունեության
հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք
է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված հետևողական աշխատանքով։
Համատեղ
քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը
վերաբերող հարցեր, Պաշտպանի լիազորությունների շրջանակը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման
կանխարգելման բնագավառում, ոլորտը կարգավորող իրավական դաշտը և այլն:
Անդրադարձ
է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման այցերին տարբեր
հաստատություններ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական, ուսումնական
հաստատություններ, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի
և շահագործմանն առնչվող հարցեր:
Պաշտպանը
ներկայացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների
և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 և 2024 թվականների տարեկան հաղորդմամբ
արձանագրված առանձին խնդիրներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում։ Արձանագրված
խնդիրները վերաբերել են հանրային իրազեկվածության բարձրացման, իրավապահ մարմինների
ծառայողների կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների
իրականացման, «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» ԵԽ կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության
հարցերին և այլն։
Անդրադարձ
է կատարվել նաև Թրաֆիքինգի հարցերով անկախ ազգային զեկուցողի իստիտուտ ներդնելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին:
Հանդիպման
ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ևս մեկ
անգամ վերահաստատելով արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ մարդու
իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ համակարգված պայքարի։