Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող
ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող,
այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։
Յուրաքանչյուր
հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային
փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն
իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ լինի որևէ տեսակի խտրականությունից
ու անհանդուրժող վերաբերմունքից:
Պաշտպանի
աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական
մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության և ատելության
խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում` արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի
է հանրային համերաշխության ամրապնդման և հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։
Պաշտպանը,
նկատի ունենալով ատելության խոսքի դեմ պայքարում գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը,
այս հարցերը մշտապես բարձրացրել է ինչպես իր հրապարակային ելույթներում ու հայտարարություններում,
այնպես էլ ոչ հրապարակային հարթակներում ու տարբեր ձևաչափերով։
Հաշվի
առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ատելության
խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ
է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն, խտրականություն քարոզող արտահայտությունների
կիրառումից։
Առանցքային
է, որպեսզի հատկապես պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային
լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային
խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։
Առանցքային
է նաև, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կարևորի հասարակական կյանքում
բոլորի հավասար ինտեգրումը ու նպաստի դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրացմանը:
Հանրային
համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժող, նրբանկատ և զգայուն
վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։