Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին Մարդու իրավունքների
պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական
հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։
Սոցիալական
ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր
նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։
Պաշտպանի
հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման
խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատություից զրկված
անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց
են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների
և կալանավորված անձանց հետ, շրջայց կատարել խցերում, ուսումնասիրել ազատությունից զրկված
անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
Առանձնազրույցների
ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը
քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված,
իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի,
խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու
մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները,
այլ մեկ սրբիչ:
Միևնույն
ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական
վնասվածքները:
Արձանագրվել
է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝
2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն:
Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները
ներկայում ամփոփվում են: Դրանց կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն
պետական իրավասու մարմիններից: