Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին բացման խոսքով է հանդես եկել Կրոնական
և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն
լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը:
Իր խոսքում
Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր
աշխատանքի կարևոր ուղղություններից է, կարևորում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների
իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այլ խթանումը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ
է իրականացնել լուրջ քայլեր։
«Կարևորում
եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման,
ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
Թեև պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն, սակայն չափազանց կարևոր է նաև ազգային
փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանն
ընդգծել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդումներում ոլորտին
առնչվող առանձին մեծ հատված է ներառվել, ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՄԻՊ
առընթեր Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական
խորհուրդը։
Բացման
խոսքով են հանդես եկել նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը,
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը: Լրագրողներ Շուշանե Սաքունցին,
Քնար Խուդոյանին, Արմինե Գևորգյանին մրցանակներ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության
ղեկավար Վասիլիս Մարագոսը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Նիդերլանդների
Թագավորության դեսպան Մարիեկե Մոնրոյ-Վինթերը:
Ամենամյա
մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության
և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լուսաբանումը: