Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում
2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության
սկզբունքների վրա:
Սոցիալական
մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել
են հանրային խոսույթում տարածվող խտրականության, անհանդուրժողականության, ինչպես նաև ատելության խոսքի դրսևորման դեպքեր: Ավելին,
արձանագրվել են իրավիճակներ, երբ դրանց միջոցով փաստացի փորձ է կատարվում հարկադրել
ընտրողներին քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ, ինչն անթույլատրելի
է:
Պաշտպանի
աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ նախընտրական գործընթացների շրջանակներում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացման
աստիճանը բավականին բարձր է:
Պաշտպանը
կարևորում է նախընտրական գործընթացների շրջանակներում
հանրային ազատ բանավեճի երաշխավորումը կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի
շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների
հարգման ու համերաշխության մթնոլորտում՝ ընդգծելով պետության կողմից համապատասխան կառուցակարգերի
գործադրման անհրաժեշտությունը հանրային անհանդուրժողականությունը հաղթահարելու, ատելության
խոսքն ու խտրականությունը բացառելու ուղղությամբ։
Միևնույն
ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքական ուժերին, հանրային գործիչներին
հանրային խոսույթում ոչ միայն բացառել ատելության խոսքի, վիրավորանքի, անհանդուրժողականության, խտրականության ցանկացած դրսևորում, այլ նաև հակազդել
դրանց: Ընդ որում` միջազգային չափանիշների համաձայն` նման պարտականություն կրում են
ոչ միայն գործող պաշտոնատար անձինք, այլ նաև յուրաքանչյուր հանրային ու քաղաքական գործիչ:
Ընտրական
իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ շուրջօրյա
անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: