Անահիտ
Մանասյանը մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, մասնակցել և հիմնական ելույթով
է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության
տոն» միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական
գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում
առկա մարտահրավերները, այդ թվում` այն մարտահրավերները, որոնց ինքն է բախվում իր հանրային
գործունեության շրջանակներում։
«Ես շատ
հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ մի կողմից ինքս եմ որպես կին ամենօրյա
ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ,
որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ
այնպիսի միջավայրի ձևավորումը, որը զերծ կլինի որևէ տեսակի խտրական երևույթից: Ուստի
հրաշալի հասկանում եմ յուրաքանչյուրիդ և այն խնդիրները, որոնց բախվում եք Ձեր գործունեության
համատեքստում: Սեռով, արտաքին հատկանիշներով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված
է հասարակական բոլոր մակարդականերում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել
շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց
ատելության խոսքի թիրախ: Սա երևույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ
ուժերով պետք է պայքարենք վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար»,
- ասել է Պաշտպանը:
Անդրադարձ
է կատարվել գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք
փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:
«Մեր հասարակությունում
առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն
տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում
են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով:
Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար
պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,- նշել է Պաշտպանը:
Ընդգծվել
է, որ վերոնշյալը վերաբերում է նաև բարձրագույն կրթության համակարգին, քանի որ խնդրին
առնչվող մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում միջազգային
չափանիշներին։
Ի թիվս
այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև վաղ կամ հարկադիր ամուսնությունների
հետևանքներին, խոսել դրանց տարածվածության և բացասական հետևանքների, ընտանեկան բռնության
դեմ պայքարի կարևորության մասին:
«Բոլոր
խնդիրները հաղթահարելու և մեր հասարակությունում իրական արժեքներ ձևավորելու համար
մենք պետք է միասնական լինենք՝ պայքարելով վերոնշյալ բացասական երևույթների դեմ»,-
շեշտել է Անահիտ Մանասյանը:
Հիմնական
ելույթով հանդես են եկել նաև բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը և մարզիկ Նազիկ Ավդալյանը:
Միջոցառման
շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ստեղծագործ ձայներ առաջնորդության
մեջ․ առաջնորդ կանայք փոխում են աշխարհը» խորագրով:
Խոսնակներն
էին՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող
Ֆղանսուազ Ժակոբը, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանը, «Հայ մշակութային և գիտական
ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը և «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը:
Քննարկման
մոդերացիան իրականացրել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի
գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն: