Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել
Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Քրեակատարողական
հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը
շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց
պահման պայմանները։
Անահիտ
Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված
անձանց, այդ թվում՝ օտարերկրացի և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, որի ընթացքում
վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:
Ազատությունից
զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության
հնարավորությանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանը, անձը հաստատող փաստաթղթերի
ստացմանը, աշխատանքով ապահովմանը, զբաղվածությանը, առողջության պահպանման իրավունքին
առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Ազատությունից
զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից,
համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Մարդու
իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության
իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում
է պատասխանատվություն:
Ազատությունից
զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների
պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը
կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման
հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների
հետ հաղորդակցության շրջանակներում: