Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ:
Զեկույցը հնարավորություն է տվել վեր հանել հետևյալ հիմնական խնդիրները՝
- խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ և մոտիվացված գործունեությանը,
- բացակայում են նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները,
- աշխատակիցների կրթական որակավորման շեմն ու մասնագիտական կրթության պահանջները հստակ սահմանված չեն,
- խնդրահարույց են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմին և կառուցվածքին առնչվող լուծումները,
- բացակայում են խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների և ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները,
- խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։
Ոլորտի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են առաջարկներ, որոնք կնպաստեն խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության և երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավմանը:
Զեկույցը կազմելիս վերլուծվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ԽՀՄ/ԽՀՀ վերաբերյալ հաշվետվություններն ու զեկույցները, ուսումնասիրվել է համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ այլ երկրների փորձը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը:
Ուսումնասիրության ընթացքում կազմակերպվել են նաև քննարկումներ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների և ԽՀՀ-ների ներկայացուցիչների հետ։
Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետևյալ հումով: