Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները,
ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել
է։
ՀԿ ներկայացուցիչները
հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների
համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների`
հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
համար ևս սա ստեղծում է անհասկանալի իրավիճակ և բարդություններ, քանի որ, որպես շահույթ
ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ, նրանք բազմաթիվ գործերով անվճար իրավաբանական
օգնություն են ցուցաբերում` իրականացնելով մարդկանց իրավունքների պաշտպանություն անվճար
հիմունքներով:
Հասարակական
կազմակարերպությունների պնդմամբ` հասարակության լայն զանգվածի համար, իրավական պաշտպանության
միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության
տեսանկյունից լրջագույն խնդիր է։
Անահիտ
Մանասյանը շեշտել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` խնդրի առնչությամբ նաև
հրապարակային է հանդես եկել, տարբեր ձևաչափերով իրացվել են ՄԻՊ գործիքակազմերը: Հատկապես
անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության
տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել։
«Հարկ
եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե եմ բարձրացրել պատշաճ հանրային քննարկումներ իրականացնելու
անհրաժեշտության հարցը, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։
Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեին հարկային քաղաքականության փոփոխության համատեքստում`
շահագրգիռ սուբյեկտների մտահոգությունների արձանագրմամբ և հաշվառմամբ: Հարցը գտնվում
է իմ անմիջական ուշադրության ներքո։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, քննարկումներ
ունեցել գործընկերների հետ։ Խնդիրը պատշաճ հասցեավորելու նպատակով արդեն իսկ աշխատակազմում
աշխատանքներ են տարվել իրավասու մարմնի ուշադրությունը հարցի շուրջ հրավիրելու ուղղությամբ»,-
ասել է Պաշտպանը։
Ամփոփելով
քննարկումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և
համատեղ լուծման ուղիների մշակումը։