Դեկտեմբերի
25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների
պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը:
Ողջունելով
փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ
աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել
ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների
ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն:
Փորձագիտական
խորհրդում քննարկվել են զինված ուժերում մահվան և ինքնավնասման դեպքերի, կարգապահության
ամրապնդման, զորակոչերի ընթացքում արձանագրվող խնդիրների, ինչպես նաև զինված ուժերում
կանանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության
ընթացքում արձանագրված՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին
վերաբերելի օրենսդրական և գործնական բնույթ ունեցող խնդիրները, որոնք վերաբերում են
վարժական հավաքների ներգրավման ընթացքում բուժզննումներին, զորակոչիկների հետազոտություններին,
զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված սահմանափակումների պահանջները պահպանելուն,
սպա-հոգեբանի ինստիտուտին, զորքերում կարգապահությանը և կանոնադրային հարաբերություններին,
կարգապահական և քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերին, այլընտրանքային
ծառայության ոլորտում առկա խնդիրներին, գերության մեջ գտնվող և անհայտ կորած զինծառայողների
կարգավիճակին, նրանց ընտանիքների սոցիալական ապահովության և այլ իրավունքների երաշխավորմանը
և այլն:
Հանդիպման
ավարտին տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ
մտքերի փոխանակություն։
Պաշտպանին
առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով նոր ձևավորված փորձագիտական
խորհրդի կազմում ընդգրկվել են ոլորտային ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
հոգեբանության, սոցիոլոգիայի ոլորտի անկախ մասնագետներ, փաստաբաններ:
Փորձագիտական
խորհուրդը լայն հնարավորություն է տալու քաղաքացիական հասարակության, պետական կառույցների,
անկախ փորձագետների ներգրավմամբ կազմակերպելու մասնագիտական քննարկումներ՝ նպատակ ունենալով
ջանքերի համատեղմամբ լուծելու անվտանգային ոլորտում մարդու իրավունքներին վերաբերելի
խնդիրները: