Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման
չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն):
Այցի ընթացքում
ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ
հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության
ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև
հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը,
դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Անցկացվել
են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։
Ուշադրության
է արժանի այն, որ Հաստատության աշխատակազմը հետևողական է խնամք ստացող երեխաների իրավունքների
ապահովման հետ կապված հարցերի առնչությամբ, երեխաները, հիմնականում, ներգրավված են
տարբեր սպորտային և մշակութային միջոցառումներում, իրազեկված են իրենց իրավունքների
և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։
Գնահատելով
Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ հարկ է փաստել, որ այցի ընթացքում արձանագրվել են
մի շարք խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք
և պաշտպանություն իրականացնող գրեթե բոլոր հաստատություններին, օրինակ` կապված տարածքի
անբավարարության, ֆիզիկական միջավայրի` համընդհանուր դիզայնի սկզբունքներին չհամապատասխանելու
և այլ հարցերի հետ։
Մշտադիտարկման
չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային
խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ
կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: