Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների
մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում
իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները
թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել
նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են
Ոստիկանության բաժին:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝
ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին
տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև
համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների
բարձրացրած հարցը:
Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի
իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: