Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի
2-6-ը գտնվել են Կոպենհագենում:
Այցը կազմակերպվել
է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության
դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության
հուշագրի արդյունքում:
Այցի նպատակն
էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության
ամրապնդմանը:
Այցի ընթացքում
մասնակիցները քննարկել են ՀՀ ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության
դանիական հաստատության համապատասխան լիազորություններն ու աշխատանքային հիմնական ուղղությունները՝
քննարկելով առկա մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները: Մարդու
իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքային կարևոր
ուղղությունները և իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության գործունեությունը
մարդու իրավունքների կրթության և խտրականության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև
համագործակցությունը միջազգային ասպարեզում, մարզային ստորաբաժանումների գործունեության
առանցքային նշանակությունը, իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում,
փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, երեխաների
և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը, ազգային փոքրամասնությունների
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և իրականացվող գործունեությունը,
ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախանշվող առաջնահերթությունները:
Այցի շրջանակում
ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել դանիական առաջատար հաստատությունների
և փորձագետների հետ:
ՄԻՊ պատվիրակությունը
հանդիպել է նաև Դանիական Հավասարության Խորհրդի ներկայացուցչի
(Ligebehandlingsnævnet) հետ՝ ծանոթանալով Դանիայի մոտեցումներին՝ հավասարության խթանման
և խտրականության կանխարգելման ուղղությամբ: Դանիայի Արտաքին գործերի նախարարության
Արևելյան հարևանության բաժնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանության վիճակը, Պաշտպանի հաստատության միջազգային ներգրավվածության ընդլայնման
հնարավորությունները:
Այցի կարևորագույն
հանդիպումներից էր Դանիական Խորհրդարանական օմբուդսմանի հետ հանդիպումը, որի ընթացքում
Օմբուդսմանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը ներկայացրել է օմբուդսմանի
լիազորություններն ու հիմնական աշխատանքային ուղղությունները, շեշտելով հաշվետվողականության
և թափանցիկության կարևորությունը: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամ և ավագ հետազոտող
Փիթեր Վեդել Կեսինգը իր հերթին մանրամասն ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին
Հայաստանի կողմից ներկայացված զեկույցի ուսումնասիրությունը:
Այցը եզրափակվել
է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության
դանիական հաստատության միջև ռազմավարական հարցերի շուրջ քննարկումով, ինչի արդյունքում
հստակեցվել են համագործակցության հետագա ուղիները և համատեղ միջոցառումները 2025 թվականի
համար:
Երկու
հաստատությունների միջև սկսված սերտ համագործակցությունը շարունակվելու է՝ ներառելով
նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր: