Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և
մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ դեկտեմբերի
3-4 իրականացրել է երկօրյա սեմինար՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրների
և մարտահրավերների վերաբերյալ։
Քննարկման
ընթացքում փորձագետները ներկայացրել են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը,
նախադեպային որոշումները, հայաստանյան օրենսդրությունը, նշված գործերում ապացույցների
կիրառումը, բժշկական և իրավական տեսանկյունից խոշտանգումների փաստագրման համար տեղեկություններ
հավաքելու կարևորությունը։
Անդրադարձ
է կատարվել նաև այս ոլորտում մասնագիտական էթիկայի սկզբունքի, գաղտնիության և անվտնագության
ապահովմանը, չվնասելու սկզբունքի պահպանմանը։
Քննարկման
մասնակիցները, ի թիվս այլնի, ուսումնասիրել են նաև խոշտանգումներ վերապրածների հետ
հարցազրույցի անցկացման նրբություններն ու հիմնական սկզբունքները, որոնք նպաստում են
վստահության մթնոլորտի ստեղծմանը։
Միջազգային
փորձագետի կողմից ներկայացվել է Ստամբուլյան արձանագրությունը, բազմամասնագիտական թիմի,
մասնավորապես, բժիշկների, հոգեբանների և իրավաբանների միջև համագործակցության կարևորությունը։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում բժիշկների, հոգեբանների և իրավաբանների
միջև բազմաբնույթ համագործակցության հնարավորություններին ու մարտահրավերներին։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման ոլորտում
տարբեր մասնագետների կարողությունների զարգացումը խիստ կարևոր է առկա խնդիրները վեր
հանելու և լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։
Միջոցառման
ընթացքում քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար ենթադրյալ
խոշտանգման դեպքերի արձանագրման ստուգաթերթի պատրաստման անհրաժեշտությունն ու նախանշվել
կարևոր բաղադրիչները։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները
կրում են շարունակական բնույթ։