Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում` Սլովենիայի
օմբուդսման Պետեր Սվետինայի հրավերով մասնակցելու օմբուդսմանական հաստատության 30-ամյակին
նվիրված միջազգային համաժողովին և պաշտոնական հանդիպումներին:
Միջոցառումն անցկացվում է «Օմբուդսմանական
հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետությունը.
ժամանակակից մարտահրավերների հաղթահարում» խորագրի ներքո։
Աշխատանքային այցին մասնակցում
է նաև Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան:
Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում
դեկտեմբերի 5-ին որպես բանախոս է հանդես եկել «Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն.
Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցության ընդլայնման
ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» թեմայով առաջին պանելային քննարկմանը:
Պաշտպանն իր ելույթում շնորհավորել
է Սլովենիայի օմբուդսմանին հաստատության 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել
է ժամանակակից աշխարհում, այդ թվում` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության
բնագավառում առկա խնդիրներին, ՄԻՊ հաստատությունների գործունեության մարտահրավերներին
և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Բանախոսը ներկայացրել է
իրավահավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները`
անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքներին, ատելության խոսքի, գենդերային հավասարության, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս
բնագավառներում իրականացվող աշխատանքների հիմքով հաճախ է թիրախավորվում հենց իրավաբան
մասնագետների, հանրային գործիչների կողմից, ինչը վտանգավոր միտում է:
Մարդու իրավունքների պաշտպանության
տեսանկյունից Անահիտ Մանասյանը որպես լրջագույն խնդիր է ներկայացրել նաև հասարակական
համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված` իրավունքների բաժանումը «կարևորի»
և «անկարևորի»։
«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից
ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին,
դա շատերի, այդ թվում` որոշ իրավաբանների կողմից հրապարակային եղանակով ներկայացվում
է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է
մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը նաև անդրադարձ
է կատարել սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին, հատուկ նշելով, որ կանայք
շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:
Պաշտպանը ներկայացրել է իր` որպես կին թիրախավորման դեպքերն ու դրանք իրականացնող դերակատարների
հանրային գործելաոճը, ինչը հակասում է ոլորտում առկա միջազգային չափանիշներին:
Քննարկմանը որպես բանախոս հանդես
են եկել Սլովենիայի Հանրապետության Արդարադատության նախարարության պետքարտուղար Միլան
Բրգլեզը, Հունաստանի Օմբուդսման Անդրեա Պոտակիսը և Պորտուգալիայի օմբուդսման Մարիա
Լուսիա Ամարալը։
Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ
հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ շուրջ 20 պետություններից, ինչպես
նաև Սլովենիայի տարբեր պետական կառույցների, կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների,
Սլովենիայում դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 5-ին համաժողովին բացման
խոսքով են հանդես եկել Սլովենիայի Հանրապետության օմբուդսման Պետեր Սվետինան, Սլովենիայի
Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ուրշկա Չուպանչիչը, Եվրոպայի խորհրդի Մարդու
իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին (առցանց ձևաչափով)։
Հիմնական ելույթով է հանդես եկել
Եվրոպական դատարանի նախագահ Մարկո Բոսնյակը։