Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝
աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական
մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների
ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում և վերլուծության են
ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին
առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։
Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների
ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի
պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները,
հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի
վարձատրության իրավունքի ապահովմանը։
Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների
քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը
կդիմի իրավասու մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանի «Թեժ գիծ» հեռախոսահամարներն են՝
116, (096) 116-100: