Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի
անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի
տնօրեն Հաննա Յոհանսոնին:
Հանդիպմանը
մասնակցել է նաև Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի
ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդը:
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր
համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի
կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները:
Զրուցակիցներն
ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները և անդրադարձել առաջիկա
համատեղ ծրագրերին:
Իր հերթին
Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով
Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։