Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորում ելույթ է ունեցել
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ծրագրի
նպատակն է Հայաստանում խթանել կանանց ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում։ Հանդիպմանը մասնակցել են մասնակիցներ 10 մարզերից։
Ողջունելով
ներկաներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին,
ոլորտում առկա խնդիրներին: Այս համատեքստում բանախոսը նշել է, որ իրավապաշտպանությունը
կենսակերպ է, առաքելություն, այլ ոչ հերոսանալու միջոց:
«Պետք
է ընդունենք, որ այդ առաքելությունն իրականացնողները ևս հաճախ հայտնվում են խոցելի
իրավիճակներում: Դա ավելի արտահայտիչ է, երբ իրավապաշտպանները կանայք են և իրենց գործունեությունը
ծավալում են նաև իրավահավասարության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում
կամ բարձրացնում են իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնք կոնկրետ հասարակական
միջավայրում պոպուլյար չեն»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Մարդու
իրավունքների պաշտպանը նշել է, որ վերջիններս առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների
ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ՝ պայմանավորված
հենց կին լինելու հանգամանքով:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն անդրադարձել է հասարակական բոլոր մակարդակներում սեռով պայմանավորված
կանանց թիրախավորման դեպքերին: Նա նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի
հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:
«Երևույթի
դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Յուրաքանչյուրս
մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը և կանանց իրավունքների
խթանմանը», - եզրափակել է Անահիտ Մանասյանը:
Հանդիպման
մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Մարդու իրավունքների
պաշտպանին: Դրանք վերաբերել են կանանց իրավունքներին, բուլինգին, անհանդուրժողականության
և խտրականության դեմ պայքարին և այլն:
«Հզորացնելով
կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրն իրականացնում
է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների
Թագավորության դեսպանության աջակցությամբ: