Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած
աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես
Հովեյանի հետ:
Քննարկվել
են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական
հիմնահարցերը:
Իր խոսքում
Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի
կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ և
հաճախ ստանում են արագ լուծումներ:
«Մարզերի
բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է:
Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ,
որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը,
ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի
յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել
է Պաշտպանը:
Անահիտ
Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն` առաջարկելով դրանց
համար լուծումներ: