Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ
գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել
է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային
քննարկման:
Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի
ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական
առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների
լույսի ներքո և առանձնացնելով այն խնդիրները, որոնց առնչվում են կանայք հումանիտար
ճգնաժամերի ժամանակ:
Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է
ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։
«Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում
արդարացում չունի։ Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության
պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել
համատեղ ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն:
Մեր անելիքները միանշանակ պետք է ամենօրյա լինեն և մեզանից յուրաքանչյուրը պետք է նաև
իր օրինակելի վարքագծով ցույց տա բացասական երևույթներին հակազդելու կարևորությունը
և գործիքակազմերը»,- ասել է Պաշտպանը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտի հետ կապված դրական
փոփոխությունները բազմաթիվ են, սակայն խնդիրները դեռևս շարունակվում են պահպանվել:
«Ակնհայտ է, որ իրավիճակը 15 տարի առաջ և իրավիճակն այսօր միմյանցից
տարբերվում են։ Դա պայմանավորված է ինչպես տարբեր օրենսդրական ակտերի գործադրմամբ,
այնպես էլ իրավասու մարմինների գիտելիքների և հմտությունների բարձրացման աշխատանքների
իրականացման հանգամանքով: Միևնույն ժամանակ, մի շարք խնդիրներ շարունակում են չլուծված
մնալ: Պատճառներն են՝ կրթական անբարենպաստ միջավայրը, որը ենթակա է հիմնովին բարեփոխման,
ինչպես նաև իրավասու մարմինների մոտ պատշաճ գիտելիքների և հմտությունների դեռևս ոչ
բավարար մակարդակը», - ասել է Պաշտպանը:
Պանելային քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Ներքին գործերի
նախարարության ռազմավարական պլանավորման վարչության Հասարակական անվտանգության ապահովման
և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի
պետ Նատալի Սահակյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը,
«Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը
և Safe You հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը:
Մինչև քննարկման մեկնարկը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության
ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Ֆղանսուազ
Ժակոբը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին:
Տեղի է ունեցել նաև «Լռությունից մինչև օրենք. ընտանեկան բռնության
դեմ պայքարը» ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ազատուհի» խորագրով տեսանյութի միջոցով ընտանեկան
բռնություն հաղթահարած կանայք ներկայացրել են իրենց պատմությունները:
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության
խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում
է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: