Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի
7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։
Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։
Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական
կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության
ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային
հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի,
թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անկախ վերահսկողական հաստատությունների
հզորացման, խորհրդարանական վերահսկողության և այլ հարցեր։ Միջազգային լավագույն փորձի
և մոտեցումների զուգադրմամբ ներկայացվել են ոլորտային խնդիրներին լուծումներ գտնելու
տարբեր մեխանիզմներ։
Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Անդրանիկ Եղոյանը նիստի շրջանակում հանդես է եկել առանձին ելութով։ Իր խոսքում նա անդրադարձել
է տարբեր երկրներում գործող զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող օմբուդսմանական
հաստատությունների մոդելներին (ԶՈՒ կազմում ընդգրկված, Ընդհանուր, Բացառիկ իրավասություն
ունեցող և այլն)։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը Հայաստանում ունի ընդհանուր (միասնական) մանդատ, որի ներքո Պաշտպանի
առաջնահերթություններից են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների և ընդհանուր
առմամբ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։
Կարևորվել է փոխվստահելի ու բարձր մակարդակի համագործակցությունը
անվտանգության ոլորտի իրավասու պետական մարմինների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների,
հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հետ։
«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած
հաստատություն է, որը գործում է հստակ սկզբունքների և սահմանադրական հիմքերի վրա։ Մեզ
համար այդ հիմքերի էլ´ ավելի ամրապնդումն ու հզորացումը, մարդկային, ֆինանսական և մասնագիտական կարողությունների
շարունակական և հետևողական զարգացումն ունեն սկզբունքային նշանակություն և այդ ուղղությամբ
աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- նշել է Անդրանիկ Եղոյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի,
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան
կենտրոնի կողմից՝ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։