Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի
և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
(ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և
հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում»
թեմայով աշխատաժողովը։
Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար
Մոնիկա Սանդրին։
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ թեև մարդու իրավունքների
պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից
են, այնուամենայնիվ, հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության:
«Փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր
խնդիրները գտնվում եմ իմ անմիջական ուշադրության ներքո: Առանձին խումբ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը և խթանումը ևս ինձ համար ունի առաջնահերթ
նշանակություն: Շատ կարևոր է, որպեսզի պետությունը փախստականների իրավունքների ապահովումն
իրականացնի պատշաճ մակադակով, մասնավորապես, փախստականների առողջության պահպանման,
կրթության իրավունքի ապահովման, աշխատանքի հնարավորութան և անվտանգության hամատեքստում»,-ասել
է Անահիտ Մանասյանը:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ
առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարների տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների
ղեկավարներ և ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմից, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ՀՀ միասնական սոցիալական
ծառայությունից, փախստականների հետ աշխատող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունից,
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև փախստականներ, բռնի տեղահանված
անձինք:
Աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է պանելային քննարկում՝
«Փախստականների իրավունքների ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Մասնակիցներն անդրադարձել են փախստականների իրավունքների պաշտպանությանն
առնչվող հիմնական մարտահրավերներին և դրանց հաղթահարման լավագույն փորձին, վերջիններիս
իրավունքների ոլորտում ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին, մեր երկրում նրանց
իրավունքների պաշտպանության ներկա վիճակին, օրենսդրական բացերին:
Հատկանշական է, որ իրենց խնդիրների մասին խոսել են փախստականներն
ու բռնի տեղահանված անձինք, որոնք հրավիրված էին աշխատաժողովին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ փախստականների և ապաստան հայցող
անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ: Վերջիններիս իրավունքների ապահովմանն
ու պաշտպանությանն առնչվող օրենսդրության ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրները,
ունենալով համակարգային բնույթ, շարունակում են մնալ արդիական և գտնվում են Պաշտպանի
ուշադրության կենտրոնում:
Բացի այդ, աշխատաժողովի մասնակիցների կողմից ներկայացվել են
ներկայումս գործող բնակարանային ապահովման և սոցիալական պաշտպանության մեխանիզմները,
աշխատաշուկային հասանելիությունը, ինչպես նաև փախստականների ներգրավվածության խթանման
կարևորությունը և ինտեգրման փորձի փոխանակումը։
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել
այն կազմակերպություններին, պետական իրավասու մարմիններին և անհատներին, միջազգային
կազմակերպություններին և օտարերկրյա գործընկերներին, ովքեր հանձնառու են լուծելու փախստականների
և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:
Պաշտպանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը
հնարավոր է բարելավել միայն համատեղ աշխատանքի արդյունքում՝ հատուկ ընդգծելով, որ տեղահանված
անձանց կամ փախստականների պատշաճ ինտեգրումը հնարավոր է բացառապես համագործակցային
միջավայրում: